Thursday, August 12, 2010

Ես, հունական դրոշն ու Յաղդանը

Ես ծագումով հույն եմ ու ինձ համար միշտ հետաքրքիր է եղել իմանալ` ինչպես են ապրում Պոնտոսից Հայաստան գաղթած հույները` պոնտիները:

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Ֆրոնտիկ Նիկոլաիդիի հրավերով օգոստոսի 3-ին գնացի Յաղդան` Հայաստանի հույնաբնակ գյուղերից մեկը: Այն գտնվում է Լոռու մարզում, Ստեփանավան քաղաքի մոտ:

Հենց ասֆալտապատ ճանապարհն ավարտվեց` սկիզբ առավ գյուղի դժվարանցանելի ճանապարհը: Սակայն իշխանությունների անուշադրության պատճառով վատ վիճակում գտնվող ճանապարհը չփչացրեց գյուղից ստացածս առաջին տպավորությունները:

Մաքուր օդ, հրաշք բնություն, անտառ, որ հենց հույներն են տնկել, ու այս ամենը ես վայելում էի 8 օր շարունակ:

Երկրորդ օրը ընկերներիս հետ բարձրացանք Յաղդանի խորհրդանիշը համարվող, գյուղում շատ հայտնի «քարը» տեսնելու: Այն գյուղից բավական բարձր էր` սարի գագաթին` միայն 3 ժամ բարձրանում էինք:

«Խորհրդանիշ-քարը» ավելի շուտ հսկա մի ժայռաբեկոր էր, իսկ դրա վրա կանգնած, վերևից գյուղին նայելը` անչափ հետաքրքիր էր:

Յաղդանում բնակվող ավելի քան 200 ընտանիքներից միայն 30-ն են հույներ: Այնինչ, Խորհրդային տարիներին Յաղդանում միայն հույներ էին ապրում: Գյուղի բնակիչների մեծամասնությունը անգամ հայերեն չգիտեր:

1990-ականերից սկսած, երբ Հունաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Խորհրդային միությունում բնակվող բոլոր հույները կարող են վերադառնալ Հունաստան, Յաղդանի հույն բնակիչներն էլ շտապեցին իրենց պատմական հայրենիք: Հիմա Յաղդանի տների մեծ մասը լքված է, գյուղն էլ նախկին խնամված տեսքը չունի…

Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com

3 comments:

  1. հրաշալի վայր է Յաղդանը: Ինքս մեկ անգամ այցելել եմ. Ափսոս հին, իսկական հույներից շատ քչերն են մնացել... այս գյուղը իր մեջ մի տեսակ Եվրոպական շունչ ունի:

    ReplyDelete
  2. Լավ կլիներ մի առանձին ֆոտոպատմություն էլ դրվեր` Յաղդանի մասին, որտեղ գյուղի կյանքն ու գյուղում բնակվողներին կարող ենք տեսնել ...

    ReplyDelete
  3. Ի դեպ, եթե ճանաչում ես նախկինում յաղդանցի այժմ Հունաստանում բնակվողների, կարող ես իրենց էլ տեղյակ պահել այս պոստի մասին, կարծում եմ նրանք էլ իրենց լուսանկարները կտեղադրեն այստեղ, կամ իրենց պատմություններով կկիսվեն: Գուցե պահպանել են գյուղի հին լուսանկարներ եւ կարող են ուղարկել քեզ` այս պոստին ավելացնելու համար:

    ReplyDelete