Showing posts with label Ազգային փոքրամասնություններ. Show all posts
Showing posts with label Ազգային փոքրամասնություններ. Show all posts

Thursday, December 23, 2010

Հայաստանի եզդիները տոնում են Կարմիր Սըլթան Եզիդի տոնը

Դեկտեմբերի 17-ին եզդիները տոնում էին Կարմիր Սըլթան Եզիդի տոնը: Եզդիների մոտ տոները երկարաժամկետ արարողություններ են: Օրինակ Կարմիր Սըլթան Եզիդի տոնին նախապատրաստվում են ու այն սկսում են տոնել մի շաբաթ առաջ:

Այս տարի էլ դեկտեմբերի 13-ին հաջորդած առաջին երկուշաբթի օրը մատաղի ոչխար մորթեցինք, ինչով սկսեցինք տոնի պատրաստությունը (իհարկե, ոչ բոլորը կարող են տոնել այս տոնը, քանի որ նոր վախճանվածների ընտանիքները պետք է ծոմ պահեն հանգուցյալների համար (բարվա ռադըվըն)):

Երկուշաբթիին հաջորդող օրերը այնքան էլ ուրախ չեն անցնում, քանի որ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե):

Տոնի արարողակարգի համաձայն` այդ երեք օրվա ծոմերից առաջին օրը երեկոյան` դեռ մութը չընկած սինու մեջ ամանով ճաշ ու մրգեղեն դրեցինք, ու տարանք չքավոր հարևաններին` որպես Կարմիր Սըլթան Եզիդի պատարագ (խեր): Իսկ մեկ օր անց` հինգշաբթի, հանգուցյալների հաց տվեցինք (նանե խերա մրիա):

Ծոմի բուն օրը` ուրբաթ, առավոտ վաղ սինու մեջ ամանով ճաշ ու մրգեր դրեցինք նորից ու տարանք հարևաններին` որպես Կարմիր Սըլթան Եզիդի հաց` պատարագ: Ուրբաթ օրը Եզիդի բուն տոնն է: Այդ սուրբ օրը, որը ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, միմյամց տները, իրար հետ պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները:

Ինձ ամենաշատը դուր է գալիս այն հանգամանքը, որ տոնին չհաշտվողները չեն կարող եզդի համարվել, դա օգնում է, որ մարդիկ համերաշխ լինեն: ԻՆչպես նաեւ ես շատ եմ սիրում ուրբաթ գիշերը, քանի որ այդ ժամանակ, ու այս անգամ էլ այդպես էր, ամբողջ գիշերը քեֆ ենք անում:


Խդր Հաջոյան
khdr.yezid@gmail.com

Friday, August 13, 2010

4 բլոգ, 4 ազգային փոքրամասնություն

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հուլիսի 23-25-ը կազմակերպած Քաղաքացիական լրագրության դասընթացին, արդեն ունեն իրենց հայանքների մասին պատմող բլոգներ:

Դասընթացի արդյունքում 4 բլոգ գրանցվեց, որոնք պարբերաբար թարմացվում են. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեռեւս առաջին քայլերն են անում քաղաքացիական լրագրության եւ բլոգոսֆերայի ոլորտում: Մինչ այդ նրանց համար ինտերնետը հիմնականում էլ. փոստ-ից օգտվելու եւ ը նկերների հետ հաղորդակցվելու հնարավորություն էր միայն:

Հայաստանում թվով ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիների http://yezdistan.blogspot.com/ բլոգի հեղինակ Խդր Հաջոյանը բավական ակտիվ է, եւ հաճախ է նոր նյութեր տեղադրում: Բլոգի այցելուն կարող է ծանոթանալ թե համայնքային հետաքրքիր նորությունների, թե տեղեկություններ ստանալ եզդիների կրոնի ու ավանդույթների վերաբերյալ:

Լեհական համայնքի մասին բլոգը http://polonia-arm.blogspot.com/ վարում է Լիա Սայադյանը: Այստեղ համայնքի նորություններն են` նկարներով ու տեսգրություներով համադրված: Լիան վարում է նաեւ http://armenia-4u.blogspot.com/ բլոգը, որը եւս ստեղծվել է ՊԽԼԻ դասընթացի շրջանակներում: Այս բլոգում նա իր արտասահմանցի ընկերներին պատմում է Հայաստանի մասին:


Հունական համայնքի մասին նորություններ ու տեղեկություններ կարելի է գտնել
http://armgreek.blogspot.com/ բլոգում, որտեղ գրառումներ է կատարում հունական համայնքի երիտասարդական թեւի ղեկավար Արթուր Խաչատրյանը:

Ուկրաինական համայնքը ներկայացված է http://ukrdiaspora.blogspot.com/ բլոգում, որը վարում է Աննա Սաֆարյանը: Ուրախ գունային ձեւավորում ունեցող այս պլատֆորմը պատմում է Հայաստանի ուկրաինական համայնքի նորությունների ու իրադարձությունների մասին` համեմելով դրանք աշխարհում տարբեր ոլորտներում հայտնի ուկրաինացիների մասին պատմություններով:

Այս բլոգները Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին իրենց ներկայացուցիչների միջոցով պատմող առաջին ակտիվ պլատֆորմներն են: ՊԽԼԻ-ն շարունակելու է աշխատել ազգային փոքրամասնությունների հետ եւ հետագա դասընթացներում կներգրավվեն նոր մարդիկ, այլ համայնքների ներկայացուցիչներ, եւ պարբերաբար վերապատրաստումը կօգնի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին ծանոթանալու ինտերնետում իրենց համայնքները եւ խնդիրները ներկայացնելու անհրաժեշտ գործիքներին:

Սառա Խոջոյան

sarakhojoyan@gmail.com

Thursday, August 12, 2010

Ես, հունական դրոշն ու Յաղդանը

Ես ծագումով հույն եմ ու ինձ համար միշտ հետաքրքիր է եղել իմանալ` ինչպես են ապրում Պոնտոսից Հայաստան գաղթած հույները` պոնտիները:

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Ֆրոնտիկ Նիկոլաիդիի հրավերով օգոստոսի 3-ին գնացի Յաղդան` Հայաստանի հույնաբնակ գյուղերից մեկը: Այն գտնվում է Լոռու մարզում, Ստեփանավան քաղաքի մոտ:

Հենց ասֆալտապատ ճանապարհն ավարտվեց` սկիզբ առավ գյուղի դժվարանցանելի ճանապարհը: Սակայն իշխանությունների անուշադրության պատճառով վատ վիճակում գտնվող ճանապարհը չփչացրեց գյուղից ստացածս առաջին տպավորությունները:

Մաքուր օդ, հրաշք բնություն, անտառ, որ հենց հույներն են տնկել, ու այս ամենը ես վայելում էի 8 օր շարունակ:

Երկրորդ օրը ընկերներիս հետ բարձրացանք Յաղդանի խորհրդանիշը համարվող, գյուղում շատ հայտնի «քարը» տեսնելու: Այն գյուղից բավական բարձր էր` սարի գագաթին` միայն 3 ժամ բարձրանում էինք:

«Խորհրդանիշ-քարը» ավելի շուտ հսկա մի ժայռաբեկոր էր, իսկ դրա վրա կանգնած, վերևից գյուղին նայելը` անչափ հետաքրքիր էր:

Յաղդանում բնակվող ավելի քան 200 ընտանիքներից միայն 30-ն են հույներ: Այնինչ, Խորհրդային տարիներին Յաղդանում միայն հույներ էին ապրում: Գյուղի բնակիչների մեծամասնությունը անգամ հայերեն չգիտեր:

1990-ականերից սկսած, երբ Հունաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Խորհրդային միությունում բնակվող բոլոր հույները կարող են վերադառնալ Հունաստան, Յաղդանի հույն բնակիչներն էլ շտապեցին իրենց պատմական հայրենիք: Հիմա Յաղդանի տների մեծ մասը լքված է, գյուղն էլ նախկին խնամված տեսքը չունի…

Արթուր Խաչատրյան

arthurkharidis@gmail.com