Այս տարի օգոստոսի 19-24-ը Հունական համայնքի երիտասարդներս Հայաստանի ազգային փոքրամասնությունների մյուս համայնքների երիտասարդների հետ հանդուրժողականություն էինք կառուցում Լուսակերտում:
«Հանդուրժողականության կառուցում» ամառային ճամբարում չհասցրի մի լավ հանգստանալ, քանի որ նաեւ տանջվեցի` մինչեւ ընկերներիս սովորեցրի Սիրտակի պարել:
Բայց հիմա չեմ ափսոսում հոգենլուս համար, քանի որ Սիրտակին դարձավ մեր բոլորիս հանդուրժողականության պարը: Ճամբարի փակմանը բոլորս միասին պարեցինք այն, եւ, ես շատ ուրախացա, որ պարը սպասվածից լավ ստացվեց:
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանդուրժողականության կառուցում» ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համախմբել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես նաեւ ծանոթացնել միմյանց մշակույթին:
Հունական համայնքը ներկայացնում էինք երեքով` ես` Արթուր Խաչատրյանս, Նիկոլայ Նիկոլաիդին եւ Նինա Ասլանյանը: Մենք ոչ միայն ներկայացրինք հունական մշակույթը (պար, երգ), այլեւ Հունաստանի պատմության մի քանի էջեր բացեցինք ներկաներին: Պատմեցինք, թե ինչպես են Էգեյան ծովն ու Աթենքը ստացել իրենց անվանումը, ինչպես է առաջացել առաջին հույնը` Էլլինասը, եւ այլն:
Ճամբարը ինձ համար նաեւ մի զարմանալի ու հետաքրքիր հայտնագործության առիթ դարձավ: Օգոստոսի 22-ին` կիրակի, բոլոր մասնակիցներս որոշեցինք գնալ Լուսակերտի շրջակայքում գտնվող եկեղեցիներից մեկը` պատարագ լսելու: Երբ հասանք, պարզվեց, որ պատարագ չէր լինելու:
Բայց այցելությունը ինձ համար ապարդյուն չանցավ, քանի որ ես եկեղեցու պատին կարդացի, որ այն հունական եկեղեցի է: 1400 թվականին Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ ավերված այս եկեղեցին վերակառուցել են բերձենները (հույներ) 1888-90 թվականներին:
Բերձենները Պոնտոսում ապրող հույներ էին, որոնք իրենց անվանումը ստացել են վրացերեն Պերզենաշվիլի բառից, ինչը թարգմանաբար նշանակում է իմաստունների որդիներ:
arthurkharidis@gmail.com
No comments:
Post a Comment