Օգոստոսի 19-24-ը Լուսակերտում մասնակցում էի Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար կազմակերպված «Հանդուրժողականության կառուցում» ամառային ճամբարին:
Ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներիս համախմբել հանդուրժողականության մթնոլորտում` միաժամանակ օգնելով մեզ ճանաչել միմյանց ու միմյանց մշակույթը:
Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հինգ օր շարունակ տարբեր դասընթացների ու սեմինարների միջոցով մեզ հանդուրժողականություն էին սովորեցնում:
Վստահորեն կարող եմ ասել, որ ճամբարում օրերն անցան ջերմ ու ընկերական մթնոլորտում, իսկ ինչն ամենակարևորն է` մենք շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, որոնք անպայման կկիրառենք մեր կյանքում և շփման մեջ: Չէ± որ հանդուրժող լինելը իրականում դժվար չէ, պարզապես պետք է կարողանալ ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա, առանց «բայց»-երի, «եթե»-ների ու «իսկ»-երի:
Ճամբարի առօրյան լի էր նաև խաղերով, մրցույթներով ու մշակութային երեկոներով, որոնց ժամանակ մեզանից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր ազգային մշակութը, երգն ու պարը: Իսկ ամենավերջում, որպես հանդուրժողականության իսկական դրսևորում, բոլոր մասնակիցներս միասին պարեցինք հունական Սիրտակի պարը:
Ճամբարը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան` ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության Երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Բաց հասարակություն» իստիտուտի աջակցությամբ:
sayadyanlia@gmail.com
No comments:
Post a Comment