Showing posts with label լեհ. Show all posts
Showing posts with label լեհ. Show all posts

Saturday, December 18, 2010

Համերգ` ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ

Գնացել էի Ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին ու համերգին:
Բելոռուսական համայնքը ողջ փայլով ցուցահանդեսի տաղավարի մոտ
Շատ տպավորիչ էր: Բոլոր ազգերի ելույթներն էլ լի էին նրանց մշակութային ու ազգային առանաձնահատկությունների տարրերով: Որոշ ազգեր երգում էին, ոմանք` պարում` իսկական տոնի վերածվելով Հայաստանում բնակվող տասնյակից ավելի ազգերի համար:
Համերաշխության լուսանկար`
եզդիական ու բելոռուսական տարազները խիստ տարբեր են
Բելոռոսական համայնքից Քրիստինե Պողոսյանը իրենց ելույթի ժամանակ պարում էր տիկնիկ-պապիկի հետ (լուսանկարում` աջից):


Լեհական համայնքը փայլում էր գունագեղ ազգային տարազներով ու գեղեցիկ ազգային երգերով: Լեհական համայնքի մասին մեր բլոգում պարբերաբար գրառումներ անող Լիա Սայադյանը հետ չէր մնում իր լեհ ընկերուհիներից ու լիաթոք ներկայացնում էր լեհական ազգային երաժշտության գոհարները:
Լեհական համայնքը` ցուցահանդեսի տաղավարի մոտ

Հունական համայնքը իրենց տաղավարի մոտ



Հունական համայնքը փայլում էր երգով ու պարով: Հունական խասաբիկոն շատ գեղեցիկ էր հատկապես սպիտակ տարազներով:


Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոստացել են այլ լուսանկարներ ու վիդեոներ էլ ուղարկել: Սպասում ենք...

Համերգի ու ցուցահանդեսի մասին, ի դեպ բավական հետաքրքիր, գրել է նաեւ հունական համայնքի ներկայացուցիչ, բլոգեր այստեղ:

Սառա Խոջոյան
sarakhojoyan@gmail.com


Monday, November 8, 2010

Չմոռանանք լեհերենը

Թեպետ Հայաստանի լեհական համայնքը արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում, ավելի քան 500 անդամից բաղկացած լեհական համայնքը չի կարողանում զերծ մնալ լեզվի պահպանման խնդրից:

Չկան հեռուստահաղորդումներ լեհերենով, չկան ռադիոհաղորդումներ, էլ չեմ խոսում լեհական երաժշտության մասին, որը Հայաստանում լայնորեն չես կարող լսել, ինչպես օրինակ անգլալեզու երաժշտությունը:

Սակայն, լեհական համայնքն ու համայնքի նախագահ տիկին Ալլա Կուզմինսկայան լուրջ քայլեր են ձեռնարկում լեհերենը պահպանելու համար: 2001 թվից Լեհաստանից մեր համայնք են այցելում լեհ ուսուցիչներ «Ուսուցիչների որակավորման բարձրացման» կենտրոնական ինստիտուտից:

Սկզբական շրջանում լեհերենի դասերը շաբաթական մեկ կամ երկու անգամ էին, այնուհետ, հուրախություն մեզ, դասերն սկսեցին անցկացվել շաբաթական մի քանի անգամ: Հետզհետե շատացավ նաև լեհերենի դասերին հաճախողների թիվը, առաջացան խմբեր` մեծահասակների, սկսնակների, երեխաների:

Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ բացի դասընթացներից, համայնքում մենք հնարավորություն ունենք լեհերենով տարբեր ֆիլմեր դիտելու:

Ալլա Կուզմինսկայայի ջանքերով 2001 թվականին նաև Երևանի Բրյուսովի Պետական Լեզվաբանական Համալսարանի Ռուսաց և Օտար լեզուների ֆակուլտետում լեհերեն լեզվի` որպես երկրորդ օտար լեզվի դասընթաց ներմուծվեց և նույն համալսարանում լեհերենի աշխատասենյակ բացվեց: Լեհերենի դասընթացը, որը վարում են Լեհաստանից եկած ուսուցիչները, նախատեսված է 3-րդ և 4-րդ կուրսեցիների համար: Սա ևս մեծ քայլ է լեհերենի տարածման հարցում, հնարավորություն է հայ ուսանողների համար ևս սովորելու և տիրապետելու լեհերենին:

Լիա Սայադյան

sayadyanlia@gmail.com

Friday, August 13, 2010

4 բլոգ, 4 ազգային փոքրամասնություն

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հուլիսի 23-25-ը կազմակերպած Քաղաքացիական լրագրության դասընթացին, արդեն ունեն իրենց հայանքների մասին պատմող բլոգներ:

Դասընթացի արդյունքում 4 բլոգ գրանցվեց, որոնք պարբերաբար թարմացվում են. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դեռեւս առաջին քայլերն են անում քաղաքացիական լրագրության եւ բլոգոսֆերայի ոլորտում: Մինչ այդ նրանց համար ինտերնետը հիմնականում էլ. փոստ-ից օգտվելու եւ ը նկերների հետ հաղորդակցվելու հնարավորություն էր միայն:

Հայաստանում թվով ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիների http://yezdistan.blogspot.com/ բլոգի հեղինակ Խդր Հաջոյանը բավական ակտիվ է, եւ հաճախ է նոր նյութեր տեղադրում: Բլոգի այցելուն կարող է ծանոթանալ թե համայնքային հետաքրքիր նորությունների, թե տեղեկություններ ստանալ եզդիների կրոնի ու ավանդույթների վերաբերյալ:

Լեհական համայնքի մասին բլոգը http://polonia-arm.blogspot.com/ վարում է Լիա Սայադյանը: Այստեղ համայնքի նորություններն են` նկարներով ու տեսգրություներով համադրված: Լիան վարում է նաեւ http://armenia-4u.blogspot.com/ բլոգը, որը եւս ստեղծվել է ՊԽԼԻ դասընթացի շրջանակներում: Այս բլոգում նա իր արտասահմանցի ընկերներին պատմում է Հայաստանի մասին:


Հունական համայնքի մասին նորություններ ու տեղեկություններ կարելի է գտնել
http://armgreek.blogspot.com/ բլոգում, որտեղ գրառումներ է կատարում հունական համայնքի երիտասարդական թեւի ղեկավար Արթուր Խաչատրյանը:

Ուկրաինական համայնքը ներկայացված է http://ukrdiaspora.blogspot.com/ բլոգում, որը վարում է Աննա Սաֆարյանը: Ուրախ գունային ձեւավորում ունեցող այս պլատֆորմը պատմում է Հայաստանի ուկրաինական համայնքի նորությունների ու իրադարձությունների մասին` համեմելով դրանք աշխարհում տարբեր ոլորտներում հայտնի ուկրաինացիների մասին պատմություններով:

Այս բլոգները Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին իրենց ներկայացուցիչների միջոցով պատմող առաջին ակտիվ պլատֆորմներն են: ՊԽԼԻ-ն շարունակելու է աշխատել ազգային փոքրամասնությունների հետ եւ հետագա դասընթացներում կներգրավվեն նոր մարդիկ, այլ համայնքների ներկայացուցիչներ, եւ պարբերաբար վերապատրաստումը կօգնի Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին ծանոթանալու ինտերնետում իրենց համայնքները եւ խնդիրները ներկայացնելու անհրաժեշտ գործիքներին:

Սառա Խոջոյան

sarakhojoyan@gmail.com