Monday, September 27, 2010

Հայաստանի եզդիները հեռուստաեթերի կարիք ունեն

Եզդիների ազգային միության (ԵԱՄ) բազմաթիվ դիմումները Հանրային հեռուստաընկերության եթերում որոշակի եթերաժամ ունենալու համար մշտապես արդյունք չեն գրանցում:

Ազիզ Թամոյանը` ԵԱՄ նախագահը, համոզված է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում շաբաթական գոնե 30 րոպե եթերաժամ ունենալու դեպքում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ամենամեծ` եզդիական համայնքը ավելի լավ կծանոթանա իր մշակույթին, պատմությանն ու համայնքի նորություններին:

Հայաստանի եզդիների մեծամասնությունը ապրում են մարզերի գյուղերում: Այնտեղ հասանելի են երկրում հեռարձակվող հեռուստաընկերություններից մի քանիսը միայն, այդ թվում եւ Հանրային հեռուստաընկերությունը, որը գործում է նաեւ եզդիների վճարած հարկերից կազմված պետբյուջեի ֆինանսավորմամբ: Այդ պատճառով ԵԱՄ-ն եթերի համար դիմել է հենց Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդումներ ունենալու համար:

ԵԱՄ նախագահի վերջին դիմումներից մեկին (հուլիս 2010) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը պատասխանել էր.

«Ինչ վերաբերում է զեկուցագրի 3-րդ կետում բարձրացված եզդիների մասին առանձին հեռուստահաղորդումներ իրականացնելու հարցին, Հանրային հեռուստաընկերությունը այս պահին նպատակահարմար չի գտնում իրականացնել այն, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բացի եզդիներից ապրում են նաեւ ազգային այլ փոքրամասնություններ, եւ ընդառաջելով վերջիններիս, նախեւառաջ կխախտվի մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաեւ մյուսները նույնպես կարող են նմանատիպ արդարացի պահանջներ ներկայացնել Հանրային հեռուստաընկերությանը»:

ՀՀԽ-ն ավելի նպատակահարմար էր համարել ազգային փոքրամասնությունների մասին ոչ թե առանձին հեռուստահաղորդում ստեղծել, այլ նրանց պատմությանը, մշակույթին, կրոնին ու ավանդույթներին անդրադառնալ այլ հաղորդումների ընթացքում:

Հուլիսից մինչեւ հիմա եզդիների մասին պատմող որեւէ հաղորդում Հանրայինի եթերում չի եղել, սակայն սեպտեմբերի սկզբներին հեռուստաընկերությունը ներկայացնող լրագրողների խումբը Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում նկարահանումներ է իրականացրել, խոստացել են շուտով հեռարձակել:

Եզդիների ազգային միությունը, սակայն, նման հաղորդումները բավարար չի համարում եւ շարունակում է համայնքին հեռուստաժամ տրամադրելու դիմումներ հղել Հայաստանի իշխանություններին: ԵԱՄ ուղարկած վերջին դիմումը դեռ մերժում չի ստացել, ընթացքի մեջ է:

Խդր Հաջոյան

khdr.yezid@gmail.com

1 comment: