Friday, July 23, 2010

«Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ.-ի հուլիսի 23-25-ը կազմակերպելու է «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» սեմինար:

Սեմինարը մինչեւ 30 տարեկան, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար է:

Սեմինարի ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կծանոթանան համացանցում /ինտերնետում/ տեղեկություն տարածելու գործիքներին, լրագրության հիմնարար սկզբունքներին եւ էթիկայի նորմերին: Սեմինարը համադրված է լինելու տեսական եւ գործնական պարապմունքներով: Ընտրված մասնակիցները պարտավորվում են սեմինարի ավարտին ներկայացնել իրենց համայնքի խնդիրների մասին պատմող աշխատանք, որը կարելի կլինի տեղադրել համացանցում, բլոգներում, սոցիալական ցանցերում:

Սեմինարի արդյունքում մասնակիցները կտիրապետեն այնպիսի հմտությունների, որոնց միջոցով նրանք կարող են իրենց համայնքի խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել:

Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են համացանցային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու համացանցում մատչելի ոճով գրելու, առանց մեծ ռեսուրսների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, կատարելու են գործնական առաջադրանքներ:

Երկրորդ օրը նվիրված է լինելու բլոգ գրանցելուն, բլոգ վարելու կանոններին եւ սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն:

Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան բլոգ բացել, կսովորեն այն արդյունավետ աշխատեցնել, հենց ընթացքում կկիրառեն իրենց ստացած հմտությունները` ֆոտո կամ վիդեո պատմություններ պատրաստելով: Սեմինարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր անհատական բլոգը, որն այնուհետեւ կարող է իբրեւ գործիք կիրառվել իր համայնքը կամ կազմակերպությունը, դրանց խնդիրներն ու նորությունները սոցիալական ցանցերում եւ ինտերնետում ներկայացնելու համար:

Սեմինարն անցկացնելու են Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ աշխատակից Գեղամ Վարդանյանը եւ «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» փորձագետ Արթուր Պապյանը:

Սեմինարը կազմակերպում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը, Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդա Մուրադյանին +37491 220 719 հեռախոսահամարով:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ
0010, Երեւան, Եզնիկ Կողբացի 39
Հեռ/Ֆաքս + 37410 53 92 04
Էլ. փոստ` sedamur@gmail.com;zaraiwpr@gmail.com
Կայք` www.iwpr.net


Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (www.iwpr.net) խաղաղություն եւ ժողովրդավարություն է կառուցում ազատ եւ անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ եւ նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ Պետդեպարտամենտը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաեւ Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները եւ Շվեդիայի Զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

No comments:

Post a Comment