Showing posts with label polish alphabet. Show all posts
Showing posts with label polish alphabet. Show all posts

Monday, November 8, 2010

Չմոռանանք լեհերենը

Թեպետ Հայաստանի լեհական համայնքը արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում, ավելի քան 500 անդամից բաղկացած լեհական համայնքը չի կարողանում զերծ մնալ լեզվի պահպանման խնդրից:

Չկան հեռուստահաղորդումներ լեհերենով, չկան ռադիոհաղորդումներ, էլ չեմ խոսում լեհական երաժշտության մասին, որը Հայաստանում լայնորեն չես կարող լսել, ինչպես օրինակ անգլալեզու երաժշտությունը:

Սակայն, լեհական համայնքն ու համայնքի նախագահ տիկին Ալլա Կուզմինսկայան լուրջ քայլեր են ձեռնարկում լեհերենը պահպանելու համար: 2001 թվից Լեհաստանից մեր համայնք են այցելում լեհ ուսուցիչներ «Ուսուցիչների որակավորման բարձրացման» կենտրոնական ինստիտուտից:

Սկզբական շրջանում լեհերենի դասերը շաբաթական մեկ կամ երկու անգամ էին, այնուհետ, հուրախություն մեզ, դասերն սկսեցին անցկացվել շաբաթական մի քանի անգամ: Հետզհետե շատացավ նաև լեհերենի դասերին հաճախողների թիվը, առաջացան խմբեր` մեծահասակների, սկսնակների, երեխաների:

Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ բացի դասընթացներից, համայնքում մենք հնարավորություն ունենք լեհերենով տարբեր ֆիլմեր դիտելու:

Ալլա Կուզմինսկայայի ջանքերով 2001 թվականին նաև Երևանի Բրյուսովի Պետական Լեզվաբանական Համալսարանի Ռուսաց և Օտար լեզուների ֆակուլտետում լեհերեն լեզվի` որպես երկրորդ օտար լեզվի դասընթաց ներմուծվեց և նույն համալսարանում լեհերենի աշխատասենյակ բացվեց: Լեհերենի դասընթացը, որը վարում են Լեհաստանից եկած ուսուցիչները, նախատեսված է 3-րդ և 4-րդ կուրսեցիների համար: Սա ևս մեծ քայլ է լեհերենի տարածման հարցում, հնարավորություն է հայ ուսանողների համար ևս սովորելու և տիրապետելու լեհերենին:

Լիա Սայադյան

sayadyanlia@gmail.com