Showing posts with label Summer Camp in Armenia. Show all posts
Showing posts with label Summer Camp in Armenia. Show all posts

Thursday, September 2, 2010

Բնապահպանական հանգիստ

Շարունակեմ պատմել հագեցած ամառային հանգստիս մասին: Օգոստոսի 4-25-ը Եղեգնաձորում էի` մասնակցում էի «Սյունիք» բարեգործական ՀԿ-ի կազմակերպած «Ամառային Համալսարան» ճամբարին:

Հայաստանցի ու վրաստանցի մի խումբ ուսանողներով ոչ միայն մի լավ հանգստացանք, այլ նաեւ բնապահպանական խնդիրներ ուսումնասիրեցինք ու փորձեցինք նոր լուծումներ առաջարկել դրանց համա:

Աշխատում էինք հագեցած գրաֆիկով. նախ 3 օր ինտերակտիվ դասընթացներ բնապահպանության ու ոլորտում առկա գլոբալ խնդիրների վերաբերյալ, փոքրիկ մրցույթներ եւ այլն: Այնուհետ` բաժանում աշխատանքային խմբերի, բնապահպանական խնդիրների ուսումնասիրում, զեկույցների պատրաստում ու ներկայացում, լուծումների առաջարկներ: Այս ամենին զուգահեռ` ֆիլմերի դիտում ու քննարկում, մշակութային երեկոներ ու ժամանցային ծրագրեր:



Գլխապտույտ օրերին էին` աշխատանքային խմբերով այցելեցինք Զորաց վանք, Հերմոնավանք, Հերմեն գյուղ, որտեղ զրուցեցինք գյուղապետի` Գայ Սահակյանի հետ և ծանոթացանք գյուղի խնդիրների հետ, եղանք նաև Եղեգիս գետի ափին և Եղեգնաձորի ջրվեժում:

Թե դասերը, թե ֆիլմերը մեզ շատ բան սովորեցրին, բաներ, որ նախկինում մենք չէինք նկատում, իսկ դրանք իրականում շատ մեծ խնդիրներ են բնության համար:

21 օր շարունակ միասին էինք ու մթնոլորտն ու մասնակիցներն այնքան լավն էին, որ ամենադժվարը բոլորիս համար բաժանումն էր: Վերջին օրը մեզ բոլորիս համախմբեց խարույկը, աստղազարդ երկինքն ու բաժանման թախիծը...

Լիա Սայադյան

sayadyanlia@gmail.com

Wednesday, August 25, 2010

«Անհանդուրժող եղեք միայն դեպի անհանդուրժողականությունը»

Այս ամառ եւս մեկ անգամ համոզվեցի, որ Հիպոլիտ Տենի այս խոսքերն իզուր չեն ասված:

Օգոստոսի 19-24-ը Լուսակերտում մասնակցում էի Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար կազմակերպված «Հանդուրժողականության կառուցում» ամառային ճամբարին:

Ճամբարի նպատակն էր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներիս համախմբել հանդուրժողականության մթնոլորտում` միաժամանակ օգնելով մեզ ճանաչել միմյանց ու միմյանց մշակույթը:

Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հինգ օր շարունակ տարբեր դասընթացների ու սեմինարների միջոցով մեզ հանդուրժողականություն էին սովորեցնում:

Վստահորեն կարող եմ ասել, որ ճամբարում օրերն անցան ջերմ ու ընկերական մթնոլորտում, իսկ ինչն ամենակարևորն է` մենք շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, որոնք անպայման կկիրառենք մեր կյանքում և շփման մեջ: Չէ± որ հանդուրժող լինելը իրականում դժվար չէ, պարզապես պետք է կարողանալ ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա, առանց «բայց»-երի, «եթե»-ների ու «իսկ»-երի:

Ճամբարի առօրյան լի էր նաև խաղերով, մրցույթներով ու մշակութային երեկոներով, որոնց ժամանակ մեզանից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր ազգային մշակութը, երգն ու պարը: Իսկ ամենավերջում, որպես հանդուրժողականության իսկական դրսևորում, բոլոր մասնակիցներս միասին պարեցինք հունական Սիրտակի պարը:

Ճամբարը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան` ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության Երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և «Բաց հասարակություն» իստիտուտի աջակցությամբ:

Լիա Սայադյան

sayadyanlia@gmail.com